Նման քննարկում չկա․Ն. Զոհրաբյանը՝ նախագահի հրամանագիրը ՍԴ-ում վիճարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն առայժմ չի քննարկել, արդյո՞ք կվիճարկի ՍԴ-ում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Չեմ կարող ասել՝ առաջիկայում կքննարկե՞նք, թե՞ ոչ։ Կուսակցությունում նման խոսակցություն չի եղել, այս պահին նման քննարկում չկա, հետագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել»,- ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել էր, եթե ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմի ՍԴ, վիճարկելով որոշումը կամ նախագահի հրամանագիրը, արդեն ՍԴ-ն լինելու է այն սուբյեկտը, որը որոշելու է՝ կասեցնե՞լ այս գործընթացը, թե՞ ոչ։

Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլ: