Մնացականյանը Լի Յոնգին ներկայացրել է երկրում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին: Այդ մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Հանդիպմանը գլխավոր տնօրեն Յոնգը բարձր գնահատեց տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման եւ իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները եւ արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կողմից առաջադրվող նախաձեռնություններին: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը:

ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ներդրումների և արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման եւ ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանը ներկայացրեց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարեւորվեց արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ներուժի եւ ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը: