Կոնստանտին Օրբելյանը վերադարձել է թատրոնի տնօրենի նախկին պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

օրբելյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վերադարձել է թատրոնի տնօրենի նախկին պաշտոնին: Այս մասին հայտնի դարձավ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչև օգոստոսի 3-ն է»,- նշեց նա` ավելացնելով. «Ցավոք,  այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղևորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, և երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղևորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է»:

Օրբելյանը նախարարության՝ իր վերադարձի մասին մոտեցումը մեկնաբանելով նշեց,որ հայտնի կլինի վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ թատրոնի անձնակազմին արդեն հասցրել է հայտնել լուրը: «Դե, ինչպես բոլոր կոլեկտիվներում, ոմանք ուրախությամբ ընդունեցին լուրը, ոմանք` ոչ այնքան: Դա բնական է...»,-նշեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 28-ի հրամանով  Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։