Վերին Դվինում հետնամուտքից մտել էր տուն և հեռուստացույց գողացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Փետրվարի 9-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր՝ Վերին Դվին գյուղ, մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց՝ տուն էին մտել հետնադռնով ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 350 հազար դրամի վնաս։

Բնակարանատիրոջից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ահազանգին արագ արձագանքման ու ճշգրիտ միջոցառումների արդյունքում Արտաշատի քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն դեպքի մի շարք հանգամանքներ, այլև տուն մտած անձի ինքնությունը։ Ահազանգից երեք ժամ անց բնակարանային գողությունը բացահայտվեց։ Արդեն փետրվարի լույս 10-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմանում, կասկածվողը հայտնաբերվեց Արտաշատի՝ Օգոստոսի 23-ի փողոցում ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա վարած առանց համարանիշերի «ՎԱԶ-2107»-ն էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գողացված հեռուստացույցը։ Բերման ենթարկվածը ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։