​​​​​​​Ինձ կալանավորել են Հրայր Թովմասյանի սանիկը լինելու հիմքով. Նորայր Փանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

փանոսյան

Այսօր կալանքից ազատվելուց հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության  տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը News.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասել է, որ այն չի ընդունում․«Ո՛չ, ի՞նչ եք խոսում, չկա հանցակազմ:

Այն դիտարկմանը, որ շատերը նշում են՝ Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը լինելու հիմքով է կալանավորել, նա արձագանքել է.

«Ինչպես Դուք ասացիք: Միանշանա՛կ, այդ հիմքով են կալանավորել»,-ասել է նա:

Նշենք, որ հունվարի 9-ին Առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։ 

Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ: 

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ այսօր կալանքից ազատեց Փանոսյանին: