ՊՆ-ում սկանդալ է հասունանում․ գնդապետը քենու հետ 30 միլիոնի պայմանագիր է կնքել․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

 

պն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել և նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված և հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, և հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»: Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղայի ընկերությունը, որոնցից մեկով էլ իրավապահները այս օրերին քննություն են իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: