Գիշերով, ցերեկով մտե՛ք զորամասեր, տեսե՛ք՝ ո՞վ է քրեական բարքերի պատասխանատուն. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ՀՀ զինվորական դատախազության գործունեության 2019 թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է զինծառայության ընթացքում մահվան դեպքերին։

«Թվերից յուրաքանչյուրի հետևում մարդկային կյանք է, զինվորի կյանք է. հատկապես զինծառայության ընթացքում պետությունը 100-տոկոսանոց պատասխանատվություն է կրում նրա առողջության, կյանքի համար»,-ասել է Արթուր Դավթյանը, ապա նաև անդրադարձել Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ երևույթների վերացման խնդրին:

«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա, և դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Սա տեսականորեն բացարձակ ճշմարտություն է: Այլ հարց է, թե այդ թերացումը ինչ աստիճանի է՝ կարգապահական խախտման աստիճանի՞ է, հանցագործությա՞ն աստիճանի է, թե՞ անփույթ վերաբերմունքի արդյունք է:

Մեր թիվ մեկ խնդիրը՝ որպես 2020-ի համար ձևավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետեւողական եւ անզիջում  պայքար իրականացնելն է: Ընդ որում, այս երևույթի դեմ պայքար այլևս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով: Ցավալի է, որ այս քաղաքացիական կյանքում գնում ենք այս ճանապարհով այդ երևույթի դեմ պայքարելու, անկեղծորեն գիտակցելով, որ այդ երևույթը ունենք բանակում, որը պետական ուղիղ վերահսկողության տակ է: Պետության կողմից վճարվող աշխատողներ են այնտեղ աշխատում»,-ասել է Դավթյանը, ապա դիմել դատախազներին։

«Ոչ աշխատանքային ժամ պետք է նայենք, ոչ մեր լիազորությունների ոչ ֆորմալ հատված պետք է նայեք: Գիշերով, ցերեկով պետք է մտնեք զորամասեր, զորանոցներ, պետք է համոզվեք՝ կա՞ն էս տեսակ բարքեր, թե՞չկան, ով է այդ բարքերի, էդ պահին այդ որջերի հիմնական պատասխանատուները: Խնդիր բարձրացրեք հրամանատարական կազմի առջև, տեղափոխեք, փոխադրեք այլ տեղեր, կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկեք այդ ուղղությամ»,-ասել է դատախազը, ապա հավելել, որ չի կարելի թույլ տալ, որ երևույթը տեղ ունենա մեր բանակում: