Մի շարք ընդդիմադիրներ սփրթնում էին Աժ դահլիճում․ ուրախ եմ, որ վերագտել են վստահությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ էդպես չէին խոսի»։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եղել են ժամանակներ, որ կային մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, ընդհուպ՝ կրակող-սպանողներ, ու էդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ էդ տոնով չեն խոսել, որովհետև զգացել են՝ իսկապես, կարող է հաջորդի մեքենայի վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքում՝ ավելի համոզիչ մեթոդներ», - ասաց նա։

Փաշինյանը իր խոսքն ուղղեց ներկա ընդդիմադիրներին՝ հավելելով, որ երբ ինքը խոսում էր, այսօրվա մի շարք ընդդիմադիրներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած․ «Ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»։

Նա ընդգծեց, որ ասել է՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարեն հակապետական ուժ։

«Մի հատ նրբություն կա՝ ասել եմ իրավական խոչընդոտ, ի՞նչ եմ ակնարկել, ակնարկել եմ, որ եթե որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկվի, մենք դա կգնահատենք էդպես, ինչո՞ւ, որովհետև ասում եմ՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք ու ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտման ազատությունը, եթե ուժ կա, որ ասում է՝ «չէ, ես ժողովրդին չեմ ուզում հարցնեմ, ես պտի հարցնեմ ՍԴ-ին», էս իրավիճակում բխում է որոշակի հետևություն, իսկ երբ ես ասում եմ, որ մենք պետք է երաշխավորենք ժողովրդի կամաարտահայտման ազատությունը, ասում եմ՝ էդ նույն փաստարկները եկեք ժողովրդին ասեք, թող ժողովուրդը ձեզ հավատա ու քվեարկի», - ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում երբեք չի եղել քվեարկություն այնպիսի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն։

«Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ։ Էդ ինչի՞ մասին են խոսում, էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում և... շնորհակալություն», - ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։