Զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ վարչապետը խոսել է Դավիթ Տոնոյանի ու ԳՇ պետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ մանրամասն զրույց է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Այսօր մանրամասն զրույց ենք ունեցել և՛ Պաշտպանության նախարարի, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ: Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար: Վարտիքի փոխելու խնդիր էինք դրել մեր առաջ, դրանք փոխեցինք, լվացքի մեքենաներով ապահովեցինք Զինված ուժերը, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի մեկ ուրիշի վարտիքի հետ: Այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն էր, որ մինչև գենետիկ մակարդակում պետք է բանակում առկա խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասաց Փաշինյանը: