Ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման վրա․ այսօր իմ վերջին աշխատանքային օրն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԿԳՄՍ

Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր` որպես ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անժելա Կժդրյանը։

«Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։

Վստահ եմ, որ այն ձևաչափերն ու հարթակները, որ տեղեկատվության համար պատասխանատու թիմի հետ հասցրել ենք մշակել այս ընթացքում, կտան իրենց արդյունքներն ապագայում։ Կարծում եմ՝ այս ընթացքում տարբեր գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը ևս արդյունավետ աշխատանքի գրավական կդառնա: Շուտով նոր ու հետաքրքիր ձևաչափեր, ոլորտային քննարկումներ և միջոցառումներ են սպասվում, որոնք, կարծում եմ, շատերիդ դուր կգան:

Շնորհակալ եմ նախարար Արայիկ Հարությունյանին այս աշխատանքն ինձ վստահելու համար»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Անժելա Կժդրյանն այս պաշտոնին է 2019 թվականի մայիսից։