Առաջիկա օրերին Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Մոսկվա. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ալբանիայի փոխարտգործնախարարի հետ մամուլի ասուլիսին անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հայտարարություններով է հանդես եկել: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Չավուշօղլուն նշել է, որ Իդլիբի հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար Թուրքիայից պատվիրակություն է մեկնելու Մոսկվա: 

«Մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի պահպանվի Մանբիչի համաձայնագրի շուրջ ձեռ քբերված հրադադարը, սակայն վերջերս ռեժիմի (Սիրիայի կառավարական ուժերի-խմբ.) երաշխավորները (Ռուսաստանը-խմբ.) կոնկրետ քայլեր չձեռնարկեցին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքական զինուժը Սիրիայում ռազմագործողություններ կիրականացնի թե ցամաքում և թե օդում՝ ընդգծելով այդ հարցում Թուրքիայի վճռականությունը:

Չավուշօղլուի խոսքով` թեմայի շուրջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսաստանի հետ միասին շարունակում ենք աշխատել և փորձում ենք ապահովել հրադադարի կայունությունը: Առաջիկա օրերին Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Մոսկվա»,- հայտնել է արտգործնախարար Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Իդլիբի հարցը քննարկելու համար Ռուսաստանից արդեն 2 անգամ պատվիրակություն է մեկնել Թուրքիա: