Վարչապետի պատվիրակության՝ Գերմանիա այցի ծախսերը հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

վարչապետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում հերքել է մամուլում շրջանառվող այն լուրը, թե վարչապետի հետ Գերմանիայի մեկնած պատվիրակության ամեն մի անդամի համար հյուրանոցային համարի ամրագրումն արժեցել է 500-ից 900 եվրո։ Աղաջանյանի գրառումը՝ ստորև․

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այց կկատարի Գերմանիա: Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Հունվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն՝ կմասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: