Սիրիայի խորհրդարանը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

սիրիա

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից:

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

Աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա:

Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն նշել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաև Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։

«Ժամանակն է ճանաչելու և դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահը։