Կուսակցությունում չկա պայմանավորվածություն ապագա կառավարությունում կոնկրետ նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

մասիսմայիլյան

«Որոշ ուժեր, վերջին իրադարձությունների պատճառով հայտնվելով շոկային վիճակի մեջ և փորձելով փլուզել նորասկիզբ քաղաքական երկխոսությունը, ստահոդ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով արատավորել ու վարկաբեկել մեզ»։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

«Առաջիկա նախագահական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից իմ թեկնածության աջակցության մասին հայտարարությունը և մեր արդեն իսկ սկսված քաղաքական երկխոսությունը բավականին լայն ու դրական արձագանք են գտել հանրության ամենատարբեր շերտերում։ Անիմաստ ու անպատվաբեր եմ համարում նրանց պատասխանելը, բայց ահա կուզենայի հանրության տարբեր շերտերում դրական արձագանքի հետ միասին առաջացած որոշ հարցերի ու մտահոգությունների անդրադառնալ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Միասնական հայրենիք» կուսակցության և մեր դաշնակից մյուս ուժերի հետ քննարկում ենք արմատական բարեփոխումներ իրականացնելու սկզբունքներ ու հայեցակարգեր, հնարավոր խորհրդարանական համագործակցության ձևաչափեր և ընդհանրապես չենք անդրադարձել կադրային քաղաքականությանը, առավել ևս չկան պայմանավորվածություններ ապագա կառավարությունում կոնկրետ նշանակումների մասին։ Նման մտահոգություն ունեցողներին խորհուրդ կտայի առավել հանգամանորեն ծանոթանալ մեր Սահմանադրությանը, որտեղ այս առնչությամբ ամեն ինչ կանոնակարգված է։ Ըստ այդմ, բացառված է, որ ժողովուրդը նախագահական ընտրություններում իր վստահության քվեն տա ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք»։