Հովակիմյանն առաջարկում է փոփոխություններ՝ ՍԴ դատավորի արտահերթ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Վահագն Հովակիմյան

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում, որոնցով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միևնույն է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:

Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում: Այսպիսով,  դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձևական կարգավորումներով պայմանավորված», - ասված է նախագծում:

Հովակիմյանը նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս