Վահրամ Ավագայանի ծառայակիցը հրամանատարության հսկողությանն է հանձնվել․ ՔԿ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

զինվոր

Քննչական կոմիտեն պարզաբանում է հրապարակել Վահրամ Մկրտիչի Ավագյանի համածառայակցի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է․ 

«Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին,  Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով,  և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը»։