Սիրիայի ժողովուրդը 100 տարի առաջ արդեն իսկ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է  հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ ողջունելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը: Այս մասին տեղեկանցում է Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը:

«Վստահ ենք, որ  անցած տարիների ընթացքում Դուք և Ձեր հանգուցյալ հայրը կարևոր դեր եք ունեցել ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործում: Այս առիթով կուզենք նաև շեշտել, որ Սիրիաի ժողովուրդն իր բաղկացուցիչ տարրերով՝ իր պետությամբ ու բոլոր կառույցներով արդեն իսկ 100 տարի առաջ ճանաչել  էր Հայոց ցեղասպանությունը, երբ իր հողի վրա ընդունել էր  ցեղասպանությունը վերապրող հայ ժողովուրդի զավակներին:

Դուք ցեղասպանությունը ճանաչել էիք,  երբ ցեղասպանությունից ճողոպրած մեր զավակների հետ Սիրիայի ժողովուրդը կիսեց իր հացն ու ջուրը: Ահա թե ինչու Սփյուռքի մեր ժողովուրդը հատուկ ուրախությամբ է ողջունում սիրիական խորհրդարանի այս որոշումը: Մեր բարձր գնահատանքը ենք հայտնում Սիրիայի խորհրդարանին, Ձերդ վսեմությանը և Սիրիայի ժողովրդին՝ մաղթելով ամբողջական խաղաղություն և բարգավաճ օրեր Սիրիայի Հանրապետությանը»,- մասնավոապես նշված է Արամ Առաջինի ուղերձում:

Վեհափառ Հայրապետը նմանօրինակ նամակ է  հղել նաև Սիրիայի խորհրդարանի նախագահին: