Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասը Թուրքիայի «նշանառության» տակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

հայթուրքականհարաբերություններ

Հրեական The Jewish Press-ի առցանց տարբերակը հրապարակել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին սպառնացող վտանգների մասին հոդված։ Հոդվածում նշվում է Թուրքիայի՝ Հին հայկական և մյուս քրիստոնեական թաղամասերը թիրախավորելու մասին:

Բնակիչները կայքի լրագրողին պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձում են համոզել իրենց ժխտել մեկ դար առաջ կատարված Հայոց ցեղասպանությունը:

Կայքի հետ զրույցում բնակիչներից մեկը մանրամասնել է, որ թուրք դիվանագետ դիմել է Հայոց ցեղասպանության մասին հազարավոր լուսանկարների և փաստաթղթերի հավաքածու ունեցող փոքրիկ թանգարանի սեփականատեր Կահաբադիջան ընտանիքին։ Նա առաջարկե է դադարեցնել գործունեությունն ու զերծ մնալ տեղեկատվության տարածումից:

Այս ընտանիքի անդամներն իրենց կյանքը նվիրել են հարցի բարձրաձայնմանն՝ Ցեղասպանության թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ նկարահանելով:

Իլյա Կահաբադիջանը, որի պապը վերապրել է Ցեղասպանությունը, կայքի հետ զրույցում պատմել է, որ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան փորձել է այդ թեմայից խոսել:

«Ես գլխի ընկա, որ նա ցանկանում էր ինձ համոզել դադարեցնել հայերի սպանդի թեմայով գործունեությունը»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ պաշտոնյան սպառնալիքներ չի հնչեցրել իր հասցեին:

«Ես մատնացույց արեցի մուտքին, և նա հասկացավ, որ հայ համայնքը պատրաստ է շարունակել զբաղվել Ցեղասպանության հարցով: Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ նմանատիպ համաձայնագիր չի կնքվել»,- ասել է զրուցակիցը՝ որպես օրինակ բերելով Իսրայելի և Գերմանիայի միջև կնքված համաձայնագիրը, որի շրջանակում Գերմանիայի իշխանությունները փոխհատուցել են Հոլոքոստը վերապրածներին ու զոհերի ընտանիքներին:

Շարունակելով թեման՝ կայքը նկատում է, որ թուրքական կողմը փորձում է հայերի համար ֆինանսական տեսանկյունից շահեկան առաջարկներ անել: Հայկական թաղամասում անշարժ գույք ունեցողների պատմելով՝ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս մի քանիսին 3000 դոլար են առաջարկել կարիքները հոգալու համար, սակայն բոլոր հայ բնակիչները մերժել են այդ առաջարկը, քանի որ քաջ գիտակցում են, որ գումարն առաջարկվում է լռության դիմաց:

Կայքը տեղեկացրել է, որ թուրքերը փորձում են տիրանալ հայկական ակտիվներին: Մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները շոկի են մատնվել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իրական գնից երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի: Քննության արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքի գնման ֆինանսավորումը Թուրքիայինն էր:

Այս դեպքից հետո տեղի համայնքի առաջնորդները հավաքվել են՝ քննարկելու համայնքի ունեցվածքը թուրքերի ձեռքում հայտնվելու գործընթացը կանխելու միջոցները: Հայերի շրջանում դեռևս պահպանվում է վախը թուրքերի՝ ավելի շատ անշարժ գույք ձեռք բերելու հարցի նկատմամբ։ 

Մի քրիստոնյա առևտրական, որը նախընտրել է անանուն մնալ, պատմել է, որ թուրքերը վերջերս իսլամական կրոնական հիմնադրամին, որը վերահսկում ու կառավարում է Երուսաղեմի Հին քաղաքի իսլամական շինությունները, փոխանցել են Հայկական թաղամասում անշարժ գույքի սեփականության վերաբերյալ շատ հին հավաստագրեր, որոնց մեջ եղել են նաև Օսմանյան կայսրության ժամանակահատվածին թվագրվող փաստաթղթեր: Առևտրականի խոսքով՝ թուրքերը հիմնադրամին խնդրել են վավերացնել այդ փաստաթղթերը. այդ փաստաթղթերով նրանք ձեռք են բերում հայկական ակտիվները:

Հայկական թաղամասի բնակիչները չեն թաքցնում թուրքերի նախաձեռնությունների առնչությամբ ունեցած իրենց վախերը, բայց միևնույն ժամանակ վստահ են, որ թուրքերը բաց առճակատման չեն գնա, քանի որ արանքում չափազանց զգայուն հարցեր են:

Աղբյուրը նկատում է, որ Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մուսուլման եղբայրներ»-ին տրամադրվող աջակցությունն անհանգստացնում են Իսրայելի իշխանություններին: Երկրի հետախուզական ծառայությունն իր վերջին տարեկան զեկույցում առաջին անգամ Թուրքիային որպես սպառնալիք է ներկայացրել:

Իսրայելի իշխանությունները հաճախ են բարձրացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը։ Դա արվել է՝ ի պատասխան Թուրքիայի կողմից վարվող հակահրեական քաղաքականության, սակայն գործը ճանաչման այդպես էլ չի հասել:

Նշվում է, որ վերջին տարիներին Երուսաղեմի Հին քաղաքում նկատվում է թուրք զբոսաշրջիկների զգալի աճ: Այս առնչությամբ Իլյա Կահաբադիջանը նշել է, որ թուրք զբոսաշրջիկները ևս աշխատում են ընդդեմ հայերի՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։

Տեսանյութեր

Live

Լրահոս