Դատվա՞ծ է եղել արդյոք Սուրեն Պապիկյանը. վերջինս պարզաբանումներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմելու է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ու ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ։ Այս մասին Պապիկյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ «Հրապարակը» թերթը գրել էր, թե «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է, և քրեական գործ է հարուցվել այդ առիթով»։

«Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, ծառայության ընացքում լինում են նաև որոշ խնդիրներ: Այն ամենը, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև»,- ասել է Պապիկյանն ու նշել, որ դեպքը տեղի է ունեցել 2004-2006 թթ․ իր ծառայության տարիներին։

«Չեմ նշի զորամաս, ինչ տեղում եմ ծառայել, իմ ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների լավ զինվոր, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ միջադեպում: Գրում են ինչ-որ կտրող-ծակող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակացությունը ոչ կանոնադրային հարաբերություններին է առնչվում է։ Ես որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը, դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ», - ասել է նա։

Պապիկյանը կյանքի այդ էտապը փակված է համարում։ Նա հավելել է, նաև, որ դեպքը չի թաքցրել և չի համարում, թե ինչ որ վտանագավոր բան է արել։

 Պապիկյանն ընդգծել է, ինֆորմացիան անձնական գաղտնի ինֆորմացիա է ու ոստիկանության հատուկ բաժնում է պահպանվում, հասանելի է միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաներին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս