Խանութ-սրահ մտած երիտասարդը բռնվել է հենց դեպքի վայրում․ նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի։ Գործողությունն արվում է փետրվարի լույս 12-ի գիշերը՝ ժամը 5-ն անց 25-ի սահմաններում։ Երիտասարդը բերման է ենթարկվել Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկից։

Կենտրոնականի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով պարզել էին, որ երիտասարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Պուշկինի փողոցի խանութ-սրահներից մեկի դուռը ու մտել ներս։ Նա իր կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չէր հասցրել։ Կամքից անկախ հանգամանքներն այս դեպքում քրեական հետախույզների կողմից բռնվելն էր։ Ընկերության տնօրենից հաղորդում է ընդունվել։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։