Այս տարի պլանավորում եմ պաշտոնական այցելություն ունենալ Մոլդովա․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ 

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հաճախակի են Հայաստան-Մոլդովա հանդիպում տարբեր միջազգային միջոցառումների ընթացքում, ինչի կապակցությամբ նա հայտնում է իր ուրախությունը։ «Հայաստանի ու Մոլդովայի հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի վրա են։ Երկկողմ շփումներում նկատվում է ինտենսիվությունը, սակայն նույնը չենք կարող ասել տնտեսական մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս հարթությունում զգալի անելիքներ կան։ Վարչապետը նկատեց  բիզնես ֆորումի, տարբեր միջոցառումների կազմակերպման անհրաժեշտություն․ այդպիսով գործարարները հնարավորություններ կունենան տնտեսության ոլորտն աշխուժացնելու։ 

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով մեկնել Մոլդովա։

Տնտեսական երկկողմ ցուցանիշները չեն գոհացնում նաև Մոլդովայի նախագահին։ Կիսելով այդ կարծիքը՝ նա նշեց, որ համատեղ ակտիվ աշխատանք պետք է տանել առևտրաշրջանառության, տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համար։

«Պարոն վարչապետ, շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ձեզ սպասում ենք Մոլդովայում,ժասաց Իգոր Դոդոնը։ 

Ըստ նրա՝ կա միջկառավարական նիստի, գործարար հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտություն․«Կարծում եմ՝ սա խթան կլինի տնտեսական հարաբերություններին»,-ասաց Իգոր Դոդոնը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ փետրվարի վերջին կսպասվի Մոլդովայի խորհրդարանի նախագահի այց Հայաստան։