Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել, այդ թվում՝ ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

զենք զինամթերք

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Գլաձոր գյուղի 42-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել էր խորդանոցում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 14-ին ոստիկանության Ջերմուկի բաժին եկած 37-ամյա տղամարդը (Ջերմուկի բնակիչ) կամավոր հանձնել է գործարանային համարով ակոսափող հրացան, ինքնաձիգի փամփշտատուփեր, նռնակներ, օպտիկական նշանառության սարք և տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է նկուղը մաքրելիս։

«Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Վարդենիսի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ քեռու գործարանային համարով ատրճանակը, նռնակ և ինքնաձիգի 80 փափուշտ։

Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մեծամոր գյուղի 40-ամյա մի բնակիչ բաժին է բերել կարճեցված փողով առանց խզակոթի հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ, և 110-ից ավելի փափուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Գայ գյուղի 62-ամյա մի բնակչուհի ոստիկանության Վաղարշապատի բաժին էր բերել հանգուցյալ ամուսնու կարճեցված փողով հրացանը, հակատանկային ական, պայթուցիչ և տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր տանիքը մաքրելիս։
«Շմայսեր» տեսակի դատարկ պահունակով ինքնաձիգն էլ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է Արմավիր քաղաքի 45-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս