Երևանում 2018-ի համեմատ հանցագործության դեպքեր 14,5 %-ով աճել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

դատախզ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Երևան քաղաքի դատախազություն՝ ամփոփելու 2019 թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները:

Հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է առանձին հանցատեսակներով արձանագրված միտումները, քրեական հետապնդման մարմինների կողմից դրանց դեմ տարվող աշխատանքներում արձանագրվող թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները:

Ըստ այդմ՝ 2019 թ. Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 14961 դեպք՝ նախորդ տարվա 13067 դեպքի փոխարեն, այսինքն՝ հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով կամ 14,5 տոկոսով:

2019 թ. Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 17 դեպք, նախորդ տարվա 12-ի դիմաց, բացահայտվել է դրանց 86.4%-ը՝, նախորդ տարվա 85․7 %-ի դիմաց: 25 տոկոսով կամ 3 դեպքով (12-9) նվազել են սպանության փորձի դեպքերը:

Հաշվետու տարում 10 դեպքով կամ 2․3 %-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, ինչին զուգահեռ, սակայն, մոտ 5 տոկոսային կետով աճել է նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 74,1 %:

8 դեպքով կամ 32 %-ով ավելացել են ավազակության դեպքերը (25-33), սակայն 13 տոկոսով բարելավվել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ նախորդող տարվա 74.4 %-ի դիմաց 2019 թ. կազմելով 87.5 %:

Երևանի դատախազը մտահոգիչ է համարել բնակարանային գողության դեպքերի շարունակվող աճը և բացահայտման ցուցանիշների ցածր մակարդակը: 2019 թ. արձանագրվել է նման 859 դեպք, որը 58 դեպքով կամ 7․2 %-ով ավելի է 2018 թ. համեմատ:

Նախորդ տարի բոլոր վարչական շրջաններում ձեռնարկվել են այս հանցագործության հակազդման որոշակի միջոցներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու, լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Դրանց արդյունքում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են՝ կազմելով 13 %՝ նախորդող տարվա 9,6 %-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, ինչպես առկա արդյունքները, այնպես էլ կատարված կանխարգելիչ աշխատանքները գնահատեց ոչ բավարար: Գլխավոր դատախազը հանձնարարել է առավել մեծ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ինչպես քաղաքային իշխանությունների, այնպես էլ համատիրությունների, բնակիչների հետ անմիջական համագործակցություն ծավալելու միջոցով:

2019 թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 703 դեպք՝ նախորդ տարվա 575 դեպքի դիմաց: Այսինքն՝ դեպքերն աճել են 128-ով, կամ 22.3 %-ով, ինչին զուգահեռ 3 դեպքով (67-70) ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը: Բացահայտման տոկոսը ևս աճել է՝ կազմելով 86.4 նախորդ տարվա 82.7-ի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությմաբ հանձնարարել է քարտեզագրել մայրաքաղաքի ճանապարհային հանգույցի առավել ռիսկային գոտիները և ըստ պատահարների կամ հանցավոր դրսևորումների պատճառների՝ նախաձեռնել դրանց վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ:   

Նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 272 կոռուպցիոն հանցագործության դեպքով հարուցված քրեական գործ: Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում մեծ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (150), կաշառք ստանալու, տալու և միջնորդության (74) տեսակարար կշիռը: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ շեշտել է հատկապես կոռուպցիոն գործերով քննությունների արագ հանգուցալուծմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների՝ նախաքննական մարմիններին նպատակային ցուցումներ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնող մարմիններին կոնկրետ հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք չպետք է կրեն ֆորմալ բնույթ և դրանցով առարկայական արդյունքների չապահովման դեպքում պետք է դիտարկվի իրավական հետևանքների առաջացման հարցը:   

Երևան քաղաքի դատախազությունը 2019 թ․ զգալի աշխատանքներ է կատարել պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում: Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների արդյունքները, 2017-2018 թթ. ընթացքում սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու պրակտիկան: Ուսումնասիրություններ են կատարվել նաև առանձին ոլորտներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների զբոսայգներում հողամասերի օտարման կամ վարձակալության հանձնելու, դրանցում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու և մի քանի այլ հարցադրումների շրջանակներում:   

Ընդհանուր առմամբ 2019 թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 4.712.912.421 դրամի վնաս, որից վերականգնվել է 453.053.527  դրամը: Հանցագործությամբ պատճառված վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով և Երևան քաղաքի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվող՝ Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ գործով: Արթուր Դավթյանը գոհունակություն է արտահայտել պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի իրացման ուղղությամբ ծավալված գործունեությունը և խնդիր դրել արձանագրված աննախադեպ արդյունքներն այս տարվա ընթացքում ավելի զարգացնել:  

Ամփոփելով Երևանի քաղաքում հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը՝ ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է վերջիններիս կողմից կատարված մեծ ծավալի աշխատանքները և հատկապես այդ հարցում ձևավորվող համագործակցության նոր որակներն ու դրսևորումները:

Այդուհանդերձ՝ նա հանձնարարել է հանցագործությունների առավել մեծ և մտահոգիչ աճ արձանագրած բոլոր ուղղություններով ակտիվացնել հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը միտված աշխատանքը: Այս տեսանկյունից նա առանձնահատուկ շեշտել է յուրաքանչյուր քրեական գործով տվյալ հանցագործությանը նպաստող պայմանների ու պատճառների մանրամասն վերլուծությունը և համապատասխան միջնորդագրերով դրանց վերացմանը հետամուտ լինելը՝ ինչպես միջնորդագրերի քննարկմանը մասնակցությունն  ցուցաբերելով, այնպես էլ դրանց հիման վրա նախանշված գործողությունների կատարմանը հետամուտ լինելով:

ՀՀ գլխավոր դատախազը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ սկսվող պայքարին նախապատրաստվելու խնդրի վրա՝ նշելով, որ այդ չարիքը պետության ունեցած իրավաչափ ողջ գործիքակազմի կիրառմամբ արմատախիլ անելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեության կոնկրետ արդյունքները հասարակությունը պետք է տեսնի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և համապատասխան քրեական տարրերը պետք է բավարար հիմքերի առկայությամբ հնարավորինս շուտ մեկուսացվեն հասարակությունից: Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է այդ տարրերի հետ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հնարավոր առնչությունները չեզոքացնելու խնդիրը՝ որպես  առաջնահերթություն:  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս