Ականատես կլինեք հիբրիդային քրգործի, քանի որ իշխանությունը մուտացիաների մեջ է․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել իրեն վերաբերող քրգործի զարգացումների վերաբերյալ:

«Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է ոչ թե մարտի 1-ին, այլ` 5-ին, մինչդեռ Հարությունյանը իր հարցազրույցում պնդել էր, որ հրաժարականի դիմումը ստորագրել է ամսի 1-ին: Դրանից հետո ՀՔԾ-ն փորձեց ներկայացնել, որ հրաժարականի դիմումn ԱԺ մուտքագրվել է ոչ թե մարտի 2-ին, այլ՝ 5-ին: Վստահեցնում եմ՝ եթե այս գործը գնա դատարան, որևէ ապացույց գոյություն չունի, որ հրաժարականի փաստաթուղթը մուտք է եղել ամսի 5-ին, հակառակը կան ապացույցներ, որ այն մուտք է եղել ամսի 2-ին», - ասել է Բաբայանը, ապա կարծիք հայտնել, որ այդ կերպ ՀՔԾ-ն ուզում է ցույց տալ, որ եթե դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, ապա Հրայր Թովմասյանը չէր կարող ընտրվել ՍԴ նախագահ մինչև 65 տարին լրանալը ժամկետով, այսինքն՝ պիտի գործեր ոչ թե նոր՝ 2016-ի ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ հինը՝ 2002 թվականինը:

«Քրեական գործում եղած փաստերը հաստատում են, որ նրանք, ովքեր պիտի որոշեին, թե որ օրենքը պիտի կիրառեին, ի սզբանե առաջին իսկ հայտարարությունից սկսած կիրառել են 2016-ի օրենքը, հետևաբար, ժամկետների հետ կապված որևէ խնդիր գոյություն չունի: Ի սկզբանե կիրառվել է ոչ թե 2002, այլ 2016 թվականին ուժի մեջ մտած ԱԺ կանոնակարգ օրենքը», - ասել է Արսեն Բաբայանը:

Անդադառնալով իրեն առաջադրված՝ իշխանությունը յուրացնելու մեղադրանքին՝ Արսեն Բաբայանն ասել է, որ դա անհեթեթություն է:

«ՀԾՔ-ն կարծում է, որ եթե այսպիսի դեպք է տեղի ունեցել, ապա այսպիսով մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ես, յուրացրել ենք Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունը: Նախ ասեմ, որ ՍԴ-ն նման լիազորություն չունի, խոսքը ՍԴ ձևավորման մասին է: Մենք արդեն գիտենք, որ իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն, ու նույնիսկ այս մասնագիտական պրիմիտիվ հարցերում նրանք սխալներ են թույլ տալիս», - ասել է Բաբայանը, ապա նաև նկարտել՝ իշխանության չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ չէ:

Արսեն Բաբայանը նաև տեղեկացրել է, որ դրանից հետո ՀՔԾ-ն առարկություններ է ներկայացրել դատախազությանը, արդյունքում ՀՔԾ-դատախազության մեջ ընթացել է իրավաբական բանավեճ, որի հետևանքով ցայսօր շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում:

«Թեև դատախազությունն այս պրիմիտիվ բանը հասկացել և ներկայացրել է, բայց դատախազությունն էլ իր գործողությունների մեջ չի փայլում օրինականությամբ ու գրագիտությամբ, որովհետև այս հանգամանքներում ինձ հետ կապված քրեական գործը գոյություն ունենալու իրավունք չունի, այն պետք կարճվեր այն ժամանակ, երբ սկզբից դատախազություն էր ուղարկվել մեղադրանքը հաստատելու համար, բայց իրենք որոշել են գնալ «պասերով» խաղերի, ժամանակ են ձգձգում», - ասել է Բաբայանը, ապա նշել, որ  եթե գործը գնա դատարան, ապա մեղադրական կողմը շատ ծիծաղելի իրավիճակում է հայտնվելու:

«Բոլորդ ականատես կլինեք հիբրիդային քրեական գործի, որոհետև տեսնում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը մուտացիաների մեջ է, հետևաբար իրավական պրոցեսները դուրս են օրինական սկզբունքներց և իրավական տրամաբանությունից, և դրանց այլ բան ասել, քան «հիբրիդային քրեական գործեր», հնարավոր չէ», - եզրափակեց խոսքը նա: