Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը թարգմանչի բացթողումն էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

մերկելփաշինյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-յան էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների  համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն  թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս