Ցեղասպանության տարիներին Սիրիան աջակցել է հայերին․ ՀԺՇ-ի երախտիքի խոսքը Սիրիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ՀԺՇ

Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական Խորհուրդը (վերակազմյալ), Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման առիթով աշխարհի տարբեր երկրներում գործող իր բոլոր կառույցների անունից ողջույնի և երախտիքի խոսք է հղել Սիրիայի ժողովրդին և պատկան մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը Սիրիայի ինքնիշխանության և հողային ամբողջականության դեմ դավեր է նյութում: Շեշտվում է, որ սիրիացիները փաստորեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակին, դժբախտաբար, վերապրում են Հայոց ցեղասպանության արհավիրքի և տառապանքների կրկնությունը: Հիշեցվում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիայի ժողովուրդն աջակցել ու պատսպարել է հայ ազգի զավակներին՝ ապահովելով նրանց բոլոր անհրաժեշտ միջոցներով և հնարավորություններով, որպեսզի նրանք վերապրեն, գոյատևեն ու զարգանան:

«Արաբական աշխարհի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ հետևողականորեն գործադրված թուրքական պետական սադրանքների բնույթն ու որակը փաստում են, որ եթե նրա դեմ չկազմվի համախմբող մի ճակատ, որ հանդես գա միասնական և գործնական կանխարգելիչ նախաձեռնություններով, այն անարգել պիտի շարունակի իր քանդիչ և ավերիչ գործունեությունը բոլոր ուղղություններով:

Պատմական արդարության վերահաստատման, անկորչելի իրավունքների վերականգնման և հայրենի հողերի ազատագրման համար պայքարը պիտի շարունակվի անկոտրում, հանուն՝ տարածաշրջանում արդարության և ազգային իրավունքների գերակայության վրա հիմնված խաղաղության և համերաշխության հաստատման»,- ասված է հայտարարության մեջ: