Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին արգելափակված 26 մեքենաներ դուրս են բերվել ավտոճանապարհից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են  կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել են երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):