Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

Սերժի Վաչո

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Այսպիսով՝ Վ. Ղազարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թվականի հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։ Արդյունքում տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ ու Վ.Ղազարյանին, նրա կնոջն առաջադրել մեղադրանքներ, սակայն Ղազարյանը դիմել էր ՍԴ եւ վարչական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության  համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Նա կարծում էր, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։

Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն։

վարչական դատարանը եւս ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսունյանի նախագահությամբ, բավարարել էր Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։

Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։

Քրեական գործով բացահայտվել էին նաեւ հարկային չարաշահումներ՝ առանձնապես խոշոր չափերի։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը:

«Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշեց Մարինա Օհանջանյանը:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։