ԵԱՀԿ համաժողովին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

նկար

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Այդ մասին հայտնում էն ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով:

Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր:

Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին: