Հալեպի բնակչությունը կհավաքվի կենտրոնական հրապարակում՝ ի զորակցություն Սիրիայի բանակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հալեպ

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները պատրաստվում են փետրվարի 18-ին՝ կեսօրին, հավաքվել կենտրոնական հրապարակում և իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնել սիրիական բանակին: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնում է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Թեպետ Հալեպն ընդհանուր առմամբ ազատագրված էր, սակայն կային շրջաններ, որոնք ռմբակոծվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Ահա դրանով պայմանավորված, անվտանգությունից ելնելով՝  Հալեպի օդանավակայանը չէր գործարկվում: Այսօր արդեն ուրախությամբ նշենք, որ այդ շրջանները ևս ազատագրված են: Հալեպը կարելի է հայտարարել ապահով քաղաք: Ժողովուրդը ցնծություն է ապրում, և այսօր կեսօրին Հալեպի բնակիչները հավաքվելու են կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն ու շնորհակալությունը հայտնելու Սիրիայի բանակին»,-ասել է Ժիրայր Ռեիսյանը, ապա ընդգծել, որ բավական մեծ ջանքերի ու հետևողական պայքարի, նվիրումի շնորհիվ քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց ահաբեկչական խմբավորումներից, ապահովությունը վերադարձվեց Հալեպին:

Ժիրայր Ռեիսյանը նաև նշել է, որ հասարակության շրջանում մեծ ոգևորությամբ ընդունվեց օդանավակայանի բացումը: Այն Հալեպի կյանքում հսկայական նշանակություն ունի:

Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադն իր երախտիքի խոսքն է ուղղել հալեպցիներին՝ ընդգծելով, որ նրանք հաղթանակած ժողովուրդ են, ու չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Հալեպն ու հալեպցին չընկճվեցին:

«Հալեպը պահպանեց պատմական իր ինքնատիպ դիմագիծը: Հալեպցին, պաշարված լինելով, չընկճվեց: Նա համառ կերպով աշխատեց ու իր ապրուստն ապահովեց: Քաղաքը, հակառակ իր աղետալի վիճակին, մնաց բանուկ՝ իր համեստ կարողություններով ներդրում ունենալով երկրի տնտեսության մեջ: Ես վստահ եմ, որ այսպիսի պայքարն ու դիմադրողականությունը բխում է հայրենասիրությունից: Հալեպը պատերազմի մոխիրներից պիտի դուրս գա, վեր կանգնի և իր առաջնորդությունը ստանձնի Սիրիայի տնտեսության մեջ»,-նշել է Սիրիայի նախագահը: