Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերը կապված չեն Աջափնյակի թաղապետի հրաժարականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հրաժարականի վերաբերյալ լուրեր են շրջանառվում, որ նա ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Մամուլում մասնավորապես տեղեկություններ էին հրապարակվել, որ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տրվել՝ առանց թույլտվության:

Այս մասին 24News-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են, թե՞ ոչ՝ ոստիկանությունից հայտնեցին. 

«Երևանի  քաղաքապետարանից փաստաթղթեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»: Այլ մանրամասներ, սակայն, ոստիկանությունից չհայտնեցին:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 24News-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․

«Նյութերն ուղարկվել են՝ որոշակի փաստերի և դրանց օրինականության ստուգման նպատակով, իսկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը կոնկրետ դեպքի հետ կապված չէ, քաղաքապետը արդյունավետ քաղաքականությունից ելնելով է նշանակումներ և պաշտոնից ազատումներ կատարում», - նշեց Հակոբ Կարապետյանը։