Չլինելով քաղաքական ուժ՝ մենք չենք կարող ո՛չ լեգիտիմացնել, ո՛չ էլ ապալեգիտիմացնել որևէ բան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ռուբենմելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին շրջանում իր խմբի և իր հասցեին հնչող ««ՈՉ»-ի դրոշը գետնին չթողնելով՝ հակասահմանադրական գործընթացը լեգիտիմացնելու» մասին քննադատություններին։  

«Այս քննադատությունն առաջին հայացքից շատ ողջամիտ է թվում, այնուհանդերձ համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը։

Պարզաբանեմ։

1) «Լեգիտիմությունը» քաղաքական կատեգորիա է, այլ ոչ իրավական։ Իրավական տիրույթում կարող ենք խոսել իրավաչափության և ոչ իրավաչափության մասին։

2) Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից։ Ավելին, «ՈՉ»-ի կողմը ստանձնելու մեր հրապարակային հայտը և այդ կապակցությամբ ստանձնած հանձնառությունը կրում է ոչ թե քաղաքական, այլ իրավական ու քաղաքացիական բնույթ (հայտարարությունը՝ տես հղումում)։

3) Չլինելով քաղաքական ուժ և չհայտարարելով քաղաքական նպատակներ՝ մենք չենք կարող ո՛չ լեգիտիմացնել, ո՛չ էլ ապալեգիտիմացնել որևէ բան։

4) Ինչ վերաբերում է «իրավաչափությանը», ապա երևույթը կարող է լինել իրավաչափ կամ ոչ իրավաչափ՝ անկախ դրանում որևէ մեկի կամ խմբի մասնակցությունից։ Բերեմ օրինակ։ X-ը ոտնձգություն է գործում Y-ի նկատմամբ։ Ի՞նչ է՝ իրավաչափ եղանակներով դիմադրելով այդ ոտնձգությանը՝ Y-ը «լեգիտիմացնու՞մ» է ոտնձգությունը», - գրել է Ռուբեն Մելիքյանը։