Բաբլոյանի, Բաբայանի մեղադրանքը փոխելու ցուցումի դեմ ՀՔԾ առարկությունը դատախազությունում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

իրավական

Դատախազությունը ստացել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու գործով հսկող դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի առարկությունը։ Այդ մասին 24News-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։ Ըստ դատախազության՝ արարքը սխալ է որակվել ՀՔԾ-ի կողմից։

Ավելի վաղ, փետրվարի 10-ին դատախազությունը հայտնել էր․ 

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Հետևաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»։

Ցուցումից մեկ շաբաթ անց պարզվեց, որ ՀՔԾ քննիչը չի շտապում վերաորակել Ա. Բաբլոյանին եւ Ա. Բաբայանին առաջադրված մեղադրանքները եւ մեղադրանքը դեռ չի փոխել։ Ավելին՝ քննիչն առարկություն է ներկայացրել հսկող դատախազի ցուցումի դեմ։