ՊԵԿ-ը թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձն է կանխել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:

Մասնավորապես՝ ՊԵԿ աշխատակիցներն, աձնական զննության ենթարկելով Իրանի  քաղաքացուն, նրա  գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են  «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ  ընդհանուր քաշով:   

Դեպքով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած  անհետաձգելի  միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռքբերած ՀՀ  քաղաքացին: 

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: