Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

քաղաքական

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել՝ մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու», - նշեց նա։

Խոսնակը նաև նշեց, որ այդ մասին տեղեկացվել են տուժողները, մեղադրյալները, պաշտպանները, և գործի նյութերը տրամադրվել են նրան՝ ծանոթանալու:

Մեղադրական եզրակացությունը կազմելուց հետո այն կուղարկվի դատախազություն։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ 2019 թվականի աշնանը. սեպտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրվեց Նորայր Փանոսյանին, ավելի ուշ՝ դեկտեմբերի 28-ին, նաև Հրայր Թովմասյանին: