Վստահ եմ՝ ավելի մեծ հաջողություն ենք գրանցելու․ ԿԳՄՍ նախարարը ընդունել է հայ ըմբիշներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար.

«Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ: Այս արդյունքը շատ հուսադրող է Օլիմպիական խաղերից առաջ: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու: Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենք մարտական»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների և մրցումների ընթացքի, առկա խնդիրների մասին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ բոլոր քայլերը հանրապետությունում ըմբշամարտի զարգացումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար. «Նախարարությունը չի միջամտելու ֆեդերացիայի ներքին գործընթացներին, միայն աջակցելու և խրախուսելու է լավ արդյունքներ գրանցելու համար»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ներկաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, անդրադարձել են Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Ա․Հարությունյանը խոստացել է մարզիկների կողքին լինել և տարեցտարի պետական աջակցությունն ավելի հասցեական դարձնել։

Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել՝ շարունակելու են ամեն ինչ անել Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել: