ՄԻՊ-ը Մարտինա Քուիքի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը, Հարավային Կովկասի գրասենյակի աշխատակից Գուստաֆ Ուինստրանդը,  ինչպես նաև Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Մարտին Ֆրիդրիկսոնը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր՝ ընդգծելով Օմբուդսմանի հաստատության կարևորությունն այս ոլորտում: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության, փակ հաստատություններում խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված  մի շարք հարցերի:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ավելի ընդլայնել այն և դարձնել շարունակական: