Դատախազը մերժել է Բաբլոյանի և Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

,

Դատախազությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու՝ դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։