Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հ. Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։ Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց Գալստյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։