Միրզոյանը դանիացի խորհրդականներին ներկայացրել է ԼՂ բանակցային գործընթացից մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

քաղաքական

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ:

Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումները: Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և տարածաշրջանային խնդիրներին:

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը` այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, ինչպես նաև կարևորել է Դանիայի հավասարակշիռ և անաչառ դիրքորոշումը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Դանիական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ-ԵՄ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Շնորհակալություն հայտնելով Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այն հանդիսանում է երկկողմ համագործակցության իրավական հիմքը, հայկական կողմն արդեն իսկ ներկայացրել է դրա իրագործման ճանապարհային քարտեզ և ակնկալում է, որ Դանիան իր գործուն աջակցությունը կբերի այդ փաստաթղթում արտացոլված բոլոր ոլորտներում: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուտափույթ մեկնարկը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ բարեխղճորեն կատարել է այն ապահովելու բոլոր նախապայմանները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի: Դանիացի խորհրդարանականների խնդրանքով հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին: Խոսվել է նաև Հայաստանի երկու հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ սերտ հարաբերությունների մասին: Առանձին քննարկման թեմա է դարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայության փաստը և դրա անդրադարձը տարածաշրջանային համագործակցային ծրագրերի հեռանկարների վրա: 
 
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի մասին` հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Դանիական կողմը խոստացել է օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական ձեռբերումներն ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ջանքերին: