«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի կողմից ամորձիները մեխելու պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

արմավիրքկհ

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ում փետրվարի 18-ին տեղի ունեցած՝ կալանավորներից մեկի՝ ամորձիները աթոռին մեխելու դեպքին։

Հաղորդագրության մեջ նշվում է. «Փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները:

Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և կարող է վնասակար հետևանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապևտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:

«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր  պարտականությունները։ Կալանավորված անձինք և դատապարտյալները ստանում են բուժօգնություն։