Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

.

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին  տեղի է ունեցել «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշել է․ «Թույլ տվեք ողջունել բոլորին այսօր Հայաստանի նկարիչների միության հարկի տակ անցկացվող այս խորհրդանշական միջոցառմանը, որի նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այս անգամ մշակութային արտահայտմամբ։

Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց։ Դրանք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը։ Եվ ահա այս դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը բարեկամ չին ժողովրդի կողքին է»։

Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական և վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների կողմից ստեղծված «Աղոթք» կտավը հանձնվել է ՀՀ Չինաստանի դեսպանությանն՝ ի նշան չինացի ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և աջակցության: