Պաշտոնատար անձը ստացել է 3.300.000 ՀՀ դրամ կաշառք․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք:

Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։