Հայտնի են նախընտրական քարոզչությանը տրամադրվող վճարովի եթերաժամերի սակագները․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

վճարովիեթերաժամանակ

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամերի սակագները:

Ղեկավարվելով ԱՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Արցախի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը սահմանվել է Արցախի հանրային ռադիոյով՝ 2160 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), հանրային հեռուստատեսությամբ՝ 4320 դրամ(ներառյալ ԱԱՀ-ն), որը չի գերազանցում ընտրությունների նշանակմանը նախորդած վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի փոփոխվի:

Իսկ «Արցախկապ» ՓԲԸ նոր՝ «AR TV» հեռուստաալիքով քաղաքական գործընթացների ժամանակ՝ նախընտրական փուլում թեկնածուների, կուսակցությունների կողմից տրամադրված գովազդային հոլովակների տարածման վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը սահմանվել է 8000 դրամ:

Միաժամանակ տեղեկացնենք նաև, որ ԱՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ՝ «Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվամիջոցներով» հոդվածում նշվում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն Արցախի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:

Ընտրությունների ժամանակ Արցախի հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար:

Արցախի հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության և զանգվածային լրատվության այլ միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հեռուստաբանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով: