5-րդ ալիքի սեփականատերը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

թավադյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը․ «Այս պահի դրությամբ չեմ տեսնում՝ ինչ հիմքով պիտի իրավաչափ լինի, որ 2 ամիս ևս մարդուն կալանքի տակ պահել»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Դեկտեմբերի 24-ին նա նույն կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: