ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է․ «Ամերիկայի Ձայն»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

 

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը հայտնել է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է։

Ըստ նրա՝ եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են:

Հայաստանի այսօրվա զարգացման տեմպերն աննախադեպ են, ասում է Բարսամյանը՝ հավելելով, որ խոսում է որպես անկողմնակալ դիտորդ, ով Հայաստան պարբերաբար այցելում է 1987-ից ի վեր, ում կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայկական Համագումարը, փոխկապակցված չէ որևէ կուսակցության հետ:

«Հենց այս պահին, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան»:

Հայաստանի առաջընթացը նկատում են նաև Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակներում, ասում է ամերիկահայ գործիչը.

«Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, և ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»:

Էնթոնի Բարսամյանի խոսքով, թեև Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչև այս ողբերգական իրողության ճանաչումը նաև ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առևտրատնտեսական և ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը, համոզված է Բարսամյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, ապա դրանց պետք է մասնակցեն բացառապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, համոզված է ամերիկահայ գործիչը. «Այս հարցով ես թեժ քննարկումներ եմ ունեցել: Եթե ես պատասխանում եմ Հայաստանում քվեարկելու համար, ապա պետք է բնակվեմ Հայաստանում»: