Դինքին սպանած Սամասթի՝ ժանդարմերի շենքում լուսանկարվելու ցուցումը տվել է հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

դինք-անդարմերիասամասաթ

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 2013-ին վերաբացված դատավարության հերթական նիստը: Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։ 

Վերաբացված դատավարությանը ներգրավված են մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվել է Սամսունի ժանդարմերիայի նահանգային նախկին հրամանատար Սերդար Յուջելը։ Նա խոստովանել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ ժանդարմերի շենքում լուսանկարվելու ցուցումը ինքն է տվել, սակայն չի հրամայել ձերբակալված Սամասթին նկարել Աթաթուրքի պաստառի ֆոնին՝ Թուրքիայի դրոշ պարզած:

Յուջելի հայտարարությանը հակառակ ցուցմունք է տվել այդ ժամանակ Սամսունի ժանդարմերիայում ծառայող և Սամսունի ավտոկայանում հանցագործին ձերբակալած Բիրոլ Ուսթաօղլուն։ Նա այդ նկարում կանգնած է Սամասթի կողքին: Ուսթաօղլուն նշել է՝ «ով միաժամանակ կազմակերպել է այդ լուսանկարվելը, նշել է ,որ թե՛ լուսանկարվելու, և թե՛ տեղն ընտրելու համար հրաման է ստացել վերադասից»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոսի» նախկին խմբագրության շենքի դիմաց սպանած Սամասթը դեպքի վայրից փախուստի էր դիմել ու ավելի ուշ հայտնաբերվել ու ձերբակալվել էր Սամսունում:

Ձերբակալությունից հետո տեղի ժանդարմերիայի բաժանմաունք տեղափոխված Սամասթը 2 ժանդարմերիայի ծառայողի հետ լուսանկարվել էր թուրքական դրոշը պարզած և պատին ամրացված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարի ֆոնին, որի վրա գրված է «Հայրենի հողը սուրբ է և չի կարող թողնվել ճակատագրի քմահաճույքին»: