Ջերմությամբ եմ հիշում Երվանդ Մանարյանի հետ զրույցները․ ՀՀ նախագահի ցավակցականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

մանարյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի՝ իմանալով տաղանդավոր արվեստագետ, դերասան և ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան մասին։

Հայրենադարձվելով Հայաստան՝ Մանարյանը շարունակեց Թեհրանում հայտնի դերասան ծնողների ավանդույթը, դարձավ տաղանդավոր արվեստագետ­ների մի մեծ ընտանիքի նահապետը։

Երվանդ Մանարյանի գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։ Կյանքի իններորդ տասնամյակում էլ նա շարունակում էր ծրագրեր կազմել ու հավատարիմ մնալ ստեղծագործ մտածողությանը։

Երվանդ Մանարյանն իրապես ժողովրդական արտիստ էր, նա սիրելի և ընկալելի էր թե մեծերի, թե մանուկների կողմից: Նրա ստեղծած տպավորիչ կերպարները և թևավոր դարձած խոսքերը միշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ։

Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որոնք իմաստության ու մարդկայնության չկրկնվող դասեր էին։

Խորապես ցավակցում եմ անվանի արտիստի ընտանիքին, հարազատ­ներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-նշվում է ուղերձում։