Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

իրավական

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը Շիրակի մարզի դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե։ Այդ մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։ 

24News-ի հարցին՝ հարցաքննվե՞լ է Վարդան Ղուկասյանը, թե՞ ոչ՝ քննչական կոմիտեից տեղեկացրին՝ ոչ, գործը դեռ նախաքննական փուլում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը հարցաքննության կհրավիրվի «Թումո» կենտրոնի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինություններին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը նշել էր, որ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի և 314 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաև, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: