Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

Արարատ Միրզոյան

Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը և Միջազգային առևտրի և շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաև այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման և զարգացման հեռանկարները:

Ազգային ժողովի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բիզնես հնարավորություններն ու օրենսդրական բարենպաստ միջավայրը, այդ թվում` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից և ԵՄ-ի հետ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում զարգացող համագործակցությունից բխող առավելությունները:

Դանիական կողմի հրավերով ԱԺ պատգամավորներն այցելել են նաև «Կանաչ պետություն» կոչվող հաստատություն, որտեղ մանրամասներ են ներկայացվել Դանիայի պետական, հասարակական և մասնավոր ոլորտների կազմակերպությունների համատեղ ջանքերի վերաբերյալ՝ ուղղված մինչև 2050 թվականը Դանիան ամբողջությամբ վերականգնվող էներգիայի անցնելուն: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 50 տարիներին Դանիայի անցած ճանապարհը և անելիքները: